Առարկայական ծրագրեր



Առարկայական ծրագրեր. 

«ՖԻԶԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ.

 (Հիմնական դպրոցի «Ֆիզիկա» առարկայի ծրագիր և գնահատման չափորոշիչներ).

   1.1. Ֆիզիկայի ուսուցման նպատակներն ու խնդիրները.

  • Մեզ շրջապատող աշխարհում ամենուրեք հանդիպում ենք գիտական և տեխնիկա- կան նվաճումների բազմաթիվ վկայությունների: Գիտությունը դարձել է  և հետագա- յում էլ կմնա որպես մարդկային հասարակության զարգացումն ապահովող իրական ուժ: Ուստի յուրաքանչյուր անհատ, ով ձգտում է հասկանալ աշխարհը, կամ ցանկանում է այն վերափոխել, պետք է ծանոթ լինի ժամանակակից գիտության և տեխնիկայի հիմունքներին:  

  • Համամարդկային մշակույթի և գիտության կարևոր բաղադրատարր է ֆիզիկան: Այն ընդարձակում և միաժամանակ ճշգրտում է Տիեզերքի, բնության տարբեր իրերի ու երևույթների մասին մեր ունեցած պատկերացումները:

  •  Ֆիզիկայի կարևորագույն դերը գիտության մեջ և հասարակական կյանքում պայմանավորված է ժամանակակից ֆիզիկայի գաղափարների և հետազոտական մեթոդների հարստությամբ ու բազմազանությամբ, ինչպես նաև` իմացաբանության(գիտական իմացության մեթոդների, տեսությունների կառուցման սկզբունքների, նրանց կիրառելիության սահմանների մասին ուսմունքի) մեջ նրա ունեցած ծանրակշիռ ավանդով ու աճող ազդեցությամբ:  Ֆիզիկայում կատարված հայտնագործությունները ոչ միայն ընդարձակում են մեր գիտելիքները բնության մասին, այլև հաճախ կարևորագույն դեր են խաղում այլ գիտությունների զարգացման գործում: Այսպես, քվանտային տեսության հայտնագործումը քիմիկոսներին թույլ տվեց ըմբռնել նյութի քիմիական կառուցվածքի և քիմիական ռեակցիաների մասին կուտակված փաստերի ողջ բազմազանությունը: Պինդ մարմիններում ալիքների տարածման օրենքների ձևակերպումը երկրաբաններին հնարավորություն ընձեռեց Երկրի ընդերքը հետազոտելիս կիրառել երկրաշարժաբանության մեթոդները: Ֆիզիկոսների կողմից ստեղծված գազային հոսքերի տեսությունը բացառիկ կարևոր դեր է խաղում օդերևութաբանության և օվկիանոսագիտության մեջ:  

  • Հսկայական է ֆիզիկայի ազդեցությունը հասարակության արտադրական ուժերի զարգացման վրա: Ժամանակակից տեխնիկայի մի շարք բնագավառներ` էլեկտրոնիկա, միջուկային տեխնիկա, հրթիռաշինություն, ռադիոտեխնիկա և այլն, այնքան սերտորեն են կապված ֆիզիկային, որ դարձել են նրա անբաժանելի մասը: Միաժամանակ, գիտության և տեխնիկայի ավանդական բնագավառներում նոր ֆիզիկական գաղափարների կիրառումը հաճախ բերում է որոշ խնդիրների սկզբունքորեն նոր լուծումների: Այս ամենը ծառայում է մարդու կենսամակարդակի բարձրացմանը:  

  • Մարդկության անընդհատ զարգացման գործում հսկայական է ինտելեկտուալ խթանների դերը: Ֆիզիկան հնարավորություն է ընձեռում բավարարել մարդու անսպառ հետաքրքրասիրությունը, խնդիրներ առաջադրում անհայտ, չհետազոտված բնագավառներում, որոնց լուծումները պահանջում են ստեղծագործական կարողությունների և տրամաբանական մտածողության անընդհատ զարգացում: 

  • Ֆիզիկան հնարավորություն է տալիս բացատրել մեր շրջապատում տեղի ունեցող երևույթները, կանխատեսումներ անել, ստեղծել նոր տեխնիկա:  

  • Մասնագիտական ինչպիսի գործունեություն էլ մարդը ծավալի, ֆիզիկայից ստացած գիտելիքները նրան պետք են գալու ինչպես կենցաղային բազմաբնույթ խնդիրներ լուծելու, այնպես էլ բնության ու նրա օրենքների մասին ընդհանուր պատկերացումներ կազմելու համար: 

  • Ուսումնասիրվելով ֆիզիկան` մարդկության պատմության մեջ ամենագլխավոր գիտություններից մեկը, առավելագույնս զգում ենք մարդու ձգտումը դեպի իմացություն, ինչը մեծագույն բավարարվածություն է պարգևում կյանքում: 

 Ֆիզիկայի դասընթացի հիմնական նպատակներն են.

  • աշխարհի գիտական (ֆիզիկական) պատկերի ձևավորման հիմքերի ստեղծում` հիմնված ֆիզիկայի բնագավառում հայտնի փաստերի և տեսությունների վրա,

  •  ծանոթացում գիտական հետազոտության մեթոդաբանությանը և բնության ճանաչման ֆիզիկական մեթոդներին,

  • ստեղծագործական ունակությունների, ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր բնագավառներում կիրառելու, ինչպես նաև սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու կարողությունների և հմտությունների զարգացում: 

Ֆիզիկայի դասընթացի հիմնական խնդիրներն են`

  • սովորողներին ծանոթացնել ֆիզիկական օբյեկտներին, երևույթներին ու պրոցեսներին, դրանց փոխադարձ կապերին վերաբերող փաստերին և ընդհանրացումներին, 

  • հաղորդել հիմնական գիտելիքներ նյութի կառուցվածքի, տարբեր երևույթների, նրանց դրսևորման օրինաչափությունների և օրենքների մասին, 

  • ձևավորել դիտումներ կատարելու, փորձեր ծրագրելու և իրականացնելու, վարկածներ առաջադրելու, մոդելներ կառուցելու, տեղեկատվության տարբեր աղբյուրներից օգտվելու, որոշումներ կայացնելու, սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու կարողություններ և հմտություններ, 

  • զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, 

  • զարգացնել ֆիզիկական երևույթների հետազոտման` տեսական ուսումնասիրություններ և փորձեր կատարելու, սարքերի, գործիքների հետ վարվելու, չափումների արդյունքները մշակելու, համեմատելու և վերլուծելու, ընդհանրացումներ կատարելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու կարողություններ,

  • նպաստել հիշողության, դիտողականության, երևակայության զարգացմանը, 

  • նպաստել մասնագիտական կողմնորոշմանը, զարգացնել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու և դրանց միջոցով ֆիզիկայից գիտելիքների ինքնուրույն ձեռք բերման կարողություններ, 

  • նպաստել տեխնոլոգիական պրոցեսների պահանջների անվերապահ կատարման և անվտանգության կանոնների պահպանումը գիտակցելու անհրաժեշտության դաստիարակմանը, 

  •  նպաստել սովորողների բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և բնության պահպանության նկատմամբ անձնական պատասխանատվության գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը: 

1.2. Դասընթացի կառուցման հիմնական սկզբունքները.

  Ֆիզիկան հիմնարար գիտություն է, այն հենվում է բնության մի քանի համընդհանուր օրենքների (սկզբունքների) վրա, որոնք բազմիցս հաստատվել են մարդու պրակտիկ գործունեության ընթացքում: Դասընթացը սովորողներին ծանոթացնում է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառության ավելի փոքր շրջանակներ ունեցող օրենքներին, նախապատրաստում վերլուծել ֆիզիկական երևույթները` պարզաբանելով և վեր հանելով դրանցում ուսումնասիրված օրենքների դրսևորման ձևերը:  Դասընթացում մեծ ուշադրություն է դարձվում սովորողների տեսական գիտելիքներն առօրյա կյանքում կիրառելու կարողությունների ձևավորմանը և զարգացմանը, ինչին կարելի է հասնել շրջապատում հանդիպող տարաբնույթ կիրառական կոնկրետ խնդիրների լուծման միջոցով:  Դասընթացում կարևորվում են տարբեր ֆիզիկական օրենքների կիրառելիության սահմանների քննարկումը, միջառարկայական կապերը, ինչպես նաև ինտեգրված մոտեցումը, ինչը նախատեսում է տարբեր առարկաներից գիտելիքների ամբողջականացում:  Դասընթացի հիմքում դրվում են նաև` ուսուցման մատչելիության և պարզից դեպի բարդն անցնելու, գիտականության, գործնական կարևորության, պատմականության և հաջորդայնության սկզբունքները, որոնց իրականացումը կնպաստի ինքնագիտակցության բարձր աստիճան ունեցող և պատասխանատվության զգացումով օժտված մարդու ձևավորմանը: 


1.3. Առարկայի հիմնական բովանդակային ուղղությունները.

Դասընթացի բովանդակությունը որոշվում է թեմատիկ նյութի ընտրությամբ: Կարևորվում են այն թեմաները, որոնք հիմնական նշանակություն ունեն տվյալ բաժնում հանդիպող երևույթների մեծ մասի բացատրության համար և, բացի այդ, կարող են ունենալ տարբեր գործնական կիրառություններ: Դասընթացում չեն ընդգրկվում նյութեր, որոնք սովորողները չեն կիրառելու հետագա ուսուցման ընթացքում կամ գործնականում: Սակայն ընդգրկվում են նաև այնպիսի հասկացություններ, գաղափարներ և երևույթներ, որոնք, չունենալով զգալի կիրառական նշանակություն, շատ կարևոր են գիտական աշխարհայացքի ձևավորման համար: Հիմնական դպրոցում թեմատիկ նյութի ընտրությունը պայմանավորված է ինչպես սովորողների տարիքային առանձնահատկություններով, այնպես էլ հարակից առարկաների ծրագրերի բովանդակությամբ:

1.4. Ուսումնական գործունեության տեսակները. 

Ֆիզիկայի դասընթացը բաղկացած է տեսությունից, ֆիզիկական երևույթների ինքնուրույն և խմբային ուսումնասիրման առաջադրանքներից, տարբեր բնույթի խնդիրներից, լաբորատոր աշխատանքներից, ցուցադրումներից և տնային հանձնարարություններից, որոնք ընդգրկում են նաև հանձնարարություններ էլեկտրոնային դասագրքերից, ինտերակտիվ մոդուլներից: Տրվում են լաբորատոր աշխատանքների, ցուցադրումների, ինչպես նաև հանձնարարելի և ինքնուրույն աշխատանքների համար նախատեսված գրականության ցանկեր (էլեկտրոնային գրադարաններ): Դասընթացում կարևորվում է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործումը ինչպես տարբեր ֆիզիկական երևույթները դինամիկ զարգացման մեջ ցուցադրելու, այպես էլ վիրտուալ փորձեր իրականացնելու համար: 



Մաթեմատիկա առանց բանաձևերի 


Թեմա:
  • Գործնական  մաթեմատիկա, բանավոր հաշվարկներ
  • Տրամաբանական թերթիկներ
  • kahoot-ով կազմված վիկտորինա, խաղ-մրցաշարեր
  • Ֆլեշմոբյան  խնդիրների քննարկում, կազմում և լուծում
  • Հետաքրքրաշարժ, զվարճալի - կատակ խնդիրներ
  • Տրամաբանական խնդիրներ
  • Հնարամիտ պատասխաններ
  • Ամենահարար, ամենաարագ ու կարճ ճանապարհները
  • Վերջից լուծվող խնդիրներ
  • Ճանապարհ և արագություն
  • Լուծույթ և խառնուրդ
  • Մասեր և տոկոսներ
  • Խաղ թվերի հետ (թվի գուշակում)
  • Օրինաչափություններ
  • Հաջորդականություններ
  • Լաբիրինթ
  • Կռահիր պատկերը
  • Գլուխկոտրուկներ
  • Խորամանկ խնդիրներ
  • Կառուցողական խնդիրներ
  • Խնդիրներ զբոսաշրջիկների, ճանապարհորդների և  ուղևորների մասին
  • Խնդիրներ լուցկու փայտիկներով
  • Վիկտորինաների կազմում, լուծում
  • Օրվա, տարվա և ժամանակի վերաբերյալ խնդիրներ
  • Մոգական քառակուսիներ
  • Աշխատարակներ և կամուրջներ
  • Ով  է կռահելու առաջինը?
  • Մաթեմատիկական հնարքներ
  • Խաղ տարաներով
  • Խնդիր կենդանիների մասին
  • Մաթեմատիկական խաչբառեր
  • Մաթեմատիկական հնարքներ, գուշակություն
  • Կենգուրույի   խնդիրների քննարկում
  • Օլիմպիադայի խնդիրների քննարկում
Նպատակը՝
  • Սովորողների  տրամաբանական մտածողության  զարգացում;
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սեր և հետաքրքրություն առաջացնել   առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ
  • Ցույց տալ դրանց ռացիոնալ լուծման եղանակները
  • Սովորողների կողմից ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու կարողության ձևավորում
  • Սովորողների կողմից նոր ու  հատաքրքրաշարժ  խնդիրների կազմում ու լուծում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  •  Տրամաբանական, լեզվական մտածողություն
  • Դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ
  • Փորձել խնդիր լուծել առանց անհայտ ներմուծելու
  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում

Ուսումնական միջավայրը՝
  • Ուսումնական  կաբինետ՝   սովորողի  ու   դասավանդողի  անհատական նոութբուքերով կամ հեռախոս
  • Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, սովորողների  բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք։
  • Ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ:


Արդյունքը՝
  • Սովորղները փորձում են լուծել առաջադրված խնդիրները, տեղադրում են Մաթեմատիկա առանց բանաձևի էջում՝ առաջադրանքների փաթեթի տեսքով:
  • Աշխատանքը համարվում է ստուգված, եթե խնդիրների մեծ մասը լուծված, բլոգում  ներկայացված է: