19 Feb
19Feb

Ահա և վերջապես սպասված  նորությունը՝ մեր կրթահամալիրի Celestron NexStar 8 SE աստղադիտակն արդեն պատրաստ է երկնային մարմինների ուսումնասիրությունների, գիշերային դիտումների համար, կամ ինչպես ասում է SpaceShop42-ի տնօրեն Վաչիկ Խաչատրյանը՝ էս գազանին վերակենդանացրեցինք, տեսնենք երեխեքը ինչ նոր օբյեկտ են բացահայտելու․․.

Աստղագիտական հետազոտություններն անհնար են առանց համապատասխան սարքավորումների՝ աստղադիտակների։ Երկնային օբյեկտներն ուսումնասիրելիս անհրաժեշտ է օգտագործել ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ գործնական պարապմունքների ժամանակ, իսկ դա շատ դժվար է անել առանց համապատասխան գործիքի։ Աստղադիտակը տիեզերքը ուսումնասիրելու համար նախատեսված հիմնական գործիքն է, որի օգտագործումն ու «կենդանի» դիտումների կազմակերպումը նպաստում է սովորողի կողմից տեսական գիտելիքների ավելի խորը յուրացմանը, աստղային երկնքում կողմնորոշվելու, երկնային օբյեկտների որոնման և նույնականացման, գիշերային երկնքում կողմնորոշվելու հմտություններ է սերմանում, ընդլայնում է հորիզոնները և այլն։ 

Բավական ժամանակ է փնտրում էինք գործընկեր կազմակերպության, ով կօգներ ձեռք բերել դիտակի վերաշագործման համար անհրաժեշտ պակասող և վնասված դետալները (նման կարգի զգայուն օպտիկական սարքերը պահանջում են հատուկ խնամք և պայմաններ, հակառակ դեպքում դրանց շահագործումը դառնում է անարդյունավետ, որոշ դեպքերում էլ անհնար), սարքավորումներն՝ եռոտոնի պողպատե շտատիվ, Անդրադարցիչ անկյունագծային հայելի։

Տեղեկանալով խնդրի մասին կրթահամալիրի տնօրինությունը հայտնեց իր լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունը խնդրին լուծում տալու համար։ Այս հարցում իր մեծ ներդրումն ունի նաև կրթահամալիրի 11-րդ դասարանի սովորող, ինժեներատեխնիկական լաբորատորիայի ճարտարագիտական աշխատանոցի սան՝ Տիգրան Հարությունյանը։ Ուրախ եմ, որ մեր համագործակցության ընթացքում հնարավորություն ունեցա բացահայտելու ևս մեկ տաղանդավոր ու շնորհաշատ պատանու և հնարավորություն տալ զարգացնելու իր աստղագիտական ունակությունները։ Եվ, իհարկե, նախագիծն իրականացավ «Բազումք»/BazumqSpace Research Lab/ տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, SpaceShop42-ի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վաչիկ Խաչատրյանի համատեղ ջանքերով։

Դե ինչ, շուտով սպասեք կրթահամալիրի տանիքից կազմակեպվող նոր աստղադիտումների մասին հայտարարությունների։ Իսկ մեր պատուհանից արդեն տիեզերքը երևում է․․․

 «Նախնիների երևակայության սահմաններից էլ այն կողմ դեպի էլ ավելի հեռուները տանելով մեր զգացմունքները, այս հրաշալի գործիքները՝ աստղադիտակները, ուղղի են բացում առավել խորությամբ և գեղեցկությամբ հասկանալու բնությունը»։ Ռենե Դեկարտ, 1637 թ․

Comments
* The email will not be published on the website.