Բնապահպանական կրթությունը չպետք է սահմանափակվի միայն դասարանում կամ տեսական գիտելիքով։ Կրթական միջավայրը կարող է հենց մեր շրջակա բնությունը լինել՝ բակը, այգին, պարտեզը, հողը, բույսերը, միջատները և այն ամբողջ կենսաբազմազանությունը, որի հետ սովորողը ամեն օր շփվում է։ Այս ուղղությամբ արդեն իրականացրել ենք սովորողների հետ բնության ուսումնասիրության և դիտարկման աշխատանքներ։ Ուսումնասիրել ենք հայրենի բնության տարբեր բնական տարածքներ՝ (մասնավորապես Արայի լեռան, Արատեսի դպրական կենտրոնի), դիտարկել բուսականությունը, ջրի, հողի առանձնահատկությունները, կենսաբազմազանությունը, սովորողները կատարել են չափումներ, ջերմաստիճանի, խոնավության գրանցել տվյալները տարբեր բարձրություններում, լուսանկարել, համեմատել արդյունքները և փորձել իրենց դիտարկումներից եզրակացություններ անել։ Մեզ համար կարևոր է հենց այս մոտեցումը՝ դիտարկել, հարց առաջադրել, ենթադրել, փորձել, չափել և արդյունքը ներկայացնել։ Այսինքն՝ բնապահպանական թեման սովորողի համար դառնում է ոչ թե պարզապես տեղեկատվություն, այլ սեփական փորձով ձեռք բերված գիտելիք։

COP17-ի կանաչ գոտու մեր տաղավարում հնարավոր է ներկայացնել նաև այդ աշխատանքները որպես կրթահամալիրի արդեն ձևավորվող փորձ,որտեղ կարող ենք ունենալ սովորողների աշխատանքների, լուսանկարների և ուսումնասիրությունների փոքր ցուցադրություն, ներկայացնել մեր կրթական պարտեզի գաղափարը և ցույց տալ, թե ինչպես կարելի է այդ տարածքը դարձնել կենդանի լաբորատորիա՝ կենսաբազմազանության ուսումնասիրության, բնապահպանական կրթության և հետազոտական նախագծերի համար։Կարևոր է նաև, որ այս աշխատանքը միայն մեկ միջոցառումով չսահմանափակվի։ COP17-ը կարող է լավ հնարավորություն հանդիսանալ ներկայացնելու մեր ունեցածը, գտնելու գործընկերներ և շարունակելու կրթական պարտեզի գաղափարի զարգացումը։ Այսպիսով, մեր հիմնական ուղերձը շատ պարզ ՝․ բնությունը մեզ համար ոչ միայն ուսումնասիրման թեմա է, այլև կրթական միջավայր։ Իսկ կրթական պարտեզը կարող է դառնալ այն տարածքը, որտեղ սովորողը բնությունը ոչ միայն դիտում է, այլ ճանաչում, ուսումնասիրում և իր գործողություններով մասնակցում դրա պահպանությանը։
Կրթական պարտեզը միայն կանաչ տարածք չէ։ Այն կարող է դառնալ սովորողի ամենօրյա բնագիտական հետազոտության միջավայր։