Երբ երկինքը մոտենում է մեզ...


06 Sep

Գիշերային աստղադիտումներ Բյուրականում.

Այստեղ օդը մաքուր է, եղանակն անամպ, իսկ երկինքն ավելի մոտ ու աստղազարդ...Ահա այն ամենն ինչը բարենպաստ պայմաններ ստեղծեցին տիեզերքի հեռուները բացահայտելու մեկնած մեր կրթահամալիրի պատանի ճանապարհորդների համար:

Նոր տպավորություններ ու զգացումներով լի օր ունեցան  Միջին դպրոցի մի խումբ սովորողներ, ովքեր այցելել էին ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա գտնվող Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտական կենտրոն: Այսօրվա ճամփորդությունը տարբերվում էր իր բնույթով, դրանք գիշերային աստղադիտումներ էին և երկնքի ուսումնասիրում, ինչը մանրամասն ներկայացրեցին աստղադիտարանի երկու երիտասարդ աշխատակիցներ՝ Անդրանիկն ու Արշալույսը:

Սկզբում սովորողները տեղեկություններ ստացան Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին, շրջեցին աստղադիտարանի տարածքով, որտեղ ապրել ու աշխատել է հայտնի աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, իսկ այնուհետև ծավալվեց հետաքրքիր ուսուցողական զրույց:

Աստղագիտության ստեղծման պատմությունը, հին մարդկանց պատկերացումները տիեզերքի և երկնային մարմինների մասին, հնագույն աստղադիտարաներ ( Քարահունջ, Սթոունհենջ), ով է ստեղծել առաջին աստղադիտակը, ինչ կառուցվածք ունի այն, ինչպիսի աստղադիտակներ կան այս և այլ հարցերի պատասխաններից հետո տեղափոխվեցինք երկնքի անծայրածիր ու անհամար թվացող աստղերի ու համաստեղությունների ուսումնասիրմանը: Մեծ Արջի, Կարիճի, Աղեղնավորի համաստեղություններին ծանոթանալուց հետո սովորողները իմացան թե ինչպես կարելի է կողմնորոշվել  երկինք նայելով, գտան Բևեռային աստղը: Հետո, նախ անզեն աչքով, ապա աստղադիտակով տեսանք Սատուրնը իր օղակներով, Յուպիտերն իր 4 արբանյակներով, Մարսը կամ Կարմիր մոլորակը և վերջում մեզ ամենամոտ գտնվող երկնային մարմինը՝  Լուսինը: Առանձնահատուկ էր Լուսնի մակերևույթի դիտումները (պետք է ասել, որ տպավորությունն ուղակի ֆանտաստիկ էր):  

Փոքրիկ էքսկուրս կատարեցինք նաև Բյուրականով: Մեր խմբին սիրով միացել էր աստղադիտարանի երիտասարդ աշխատակից Արշալույսը, ով ամբողջ էքսկուրսի ընթացքում պատասխանում էր երեխաների զարմանալիորեն բավականին լավ իրազեկված ամենատարբեր հարցերին: Օրը հագեցած էր տիեզերքին նվիրված ամենատարբեր տեղեկություններով, հարց-պատասխաններով ու խաղերով:

Նոր զգացողություններով մեր «տիեզերական արշավախմբի» մասնակիցները կեսգիշերին մոտ վերադարձան տուն, սպասելով նոր հետազոտությունների և ակնկալելով նոր բացահայտումներ …

Լուսին- լուսին...


Մանե Հովհաննիսյան 

Արամ Միրզոյան 

Դավիթ Միրաքյան 

Միքայել Իսախանյան 

Հովհաննես Ղազարյան 


Comments
* The email will not be published on the website.