29 Mar
29Mar

Գարնանային բաց ճամբարի իմ օրը․

Գարնանային բաց մանկավարժական ճամբարային օրվա /Մարտի 23-28/ այսպիսի ձևաչափը, կարծում եմ, բավական հետաքրքիր և արդյունավետ էր կազմակերպված։ Հատկապես կարևոր էր, որ յուրաքանչյուր առարկայի մասնագետ հնարավորություն ուներ իր ուղղությամբ ավելի խորացնել և զարգացնել մասնագիտական հմտությունները։ Այս տարի այն ինձ համար դարձավ վերաիմաստավորման, համագործակցության ու ստեղծագործ աշխատանքի յուրահատուկ շրջան։

Գարունը սկսեցինք լաբորատորիայում․․․Օրը սկսում էինք ինժեներատեխնիկական կենտրոնի լաբորատոր սարքաշինության բաժնում՝ «Հին սարքերի կենդանացում» նախագծով։ Սա ճամբարի ամենահետաքրքիր ու ոգեշնչող հատվածներից էր։ Աշխատելով զույգերով՝ մեզանից յուրաքանչյուրը ստանում էր մի սարք կամ գործիք, որը պետք էր վերականգնել։ Սկզբում ուսումնասիրում էինք սարքի պատմությունը, նպատակը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները։ Հետո փորձում էինք հասկանալ, թե ինչո՞ւ չի աշխատում և ի՞նչ է անհրաժեշտ այն նորոգելու համար։ Այդ գործընթացը ոչ միայն տեխնիկական հմտություններ էր պահանջում, այլև սովորեցնում էր հետազոտական մտածողություն, համբերություն և համագործակցություն։ 

Այս տարի մեր կրթահամալիր հյուր էին եկել և բաց մանկավարժական ճամբարին գրանցվել էին բավականին մեծ թվով ծանոթ և անծանոթ մանկավարժներ Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից, ինչը ստեղծում էր առավել ջերմ, բազմազան ու համագործակցային միջավայր։ Ինձ համար հատկապես հաճելի էր, այն փաստը որ նրանց թվում էր նաև իմ մտերիմ գորընկերներից՝ «Պատանի հետազոտողներ ակումբի» մենթոր-համակարգող Սուսան Մարդոյանը /Գավառի Կարմիրգյուղի N1 մ/դ փոխտնօրեն/, ում հետ միասին վերոնշյալ ծրագրի շրջանակում արդեն մասնակցել ենք Լեհաստանում, Վրաստանում և Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպված գիտական պիկնիկներին։

Աշխատանքային առավոտը շարունակվում էր մանկավարժական ակումբային գործունեությամբ, որտեղ յուրաքանչյուրն ընտրում էր իր նախասիրությանը համապատասխան մարզական զբաղմունք՝ թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, շախմատ կամ ավելի ստեղծագործ՝ օր․ կավագործություն։ Այս փուլը նպաստում էր լիցքաթափվելուն և թիմային կապերի ամրապնդմանը։

Այնուհետև անցնում էինք մասնագիտական զարգացման փուլին․ յուրաքանչյուրն իր մանագիտական ուղղվածությամբ՝ բնագետները փոքր խմբերով քննարկում էին մարզային օլիմպիադաների, կամավոր ատեստավորման և քննությունների առաջադրանքները։ Աշխատանքը տարբեր առարկայական խմբերում արդյունավետ էր և նպաստում էր փորձի փոխանակմանը։ Ինձ համար հատկապես կարևոր էր 9-րդ դասարանի բնագիտության նախագծերի համակարգման, կազմակերպման հարցերը՝ պլանավորումից մինչև գնահատում (9-րդ դասարանի մի քանի սովորողների հետ կազմակերպեցի նաև հանդիպում-քննարկումներ ֆիզիկական միջավայրում)։ 

Օրվա երկրորդ կեսը նվիրված էր դպրոցական միջավայրում աշխատանքներին՝ կաբինետների և լաբորատորիաների մաքրություն, բակ-պարտեզների խնամք, խմբային և անհատական աշխատանքներ, ինչպես նաև մանկավարժական խորհրդի նիստեր։ Զուգահեռ իրականացվում էին նաև գարնանային ֆլեշմոբի համակարգման և թարգմանական աշխատանքներ։

Ճամբարն ինձ համար այս տարի դարձավ մի միջավայր, որտեղ միավորվում է գիտությունը, մանկավարժությունը և ստեղծագործությունը՝ տալով նոր փորձ և զարգացման մեծ մոտիվացիա։

Խճանկարը հավաքված է իմ և գործընկերների ճամբարային օրերին կատարված լուսանկարահանումներից։





Comments
* The email will not be published on the website.