Լուսինը տիեզերք տանող առաջին կայանն է.


31 Oct

Դիտումներ աստղադիտակով Մայր դպրոցի տանիքից.

Հոկտեմբերի 30 -ի երեկոյան կրթահամալիրի մայր դպրոցի տանիքը վերածվել էր փոքրիկ աստղադիտարանի: Ուսումնական «Կապույտ լուսին» նախագծի շրջանակներում այստեղ հավաքվել էին մայր դպրոցի սովորողներն ու ծնողները:

Այո, այո.. հենց այսպես է կոչվում լիալուսնի նմանատիպ դրսևորումը...«Կապույտ կամ երկնագույն լուսինը» երևույթի ընդհանուր անվանումն է։ Այդ ժամանակ լուսինը պահպանում է իր սովորական գույնը, իսկ երկնագույն երանգը միայն դրա օպտիկական էֆեկտն է: Գիտնականները, «երկնագույն լուսին» ասելով, նկատի ունեն ամսվա ընթացքում երկրորդ լիալուսինը:

Հենց այսպիսի երկնային երևույթի հետ համընկան հոկտեմբերի վերջին օրերը և մենք՝ «Ֆիզիկոս-աստղագետ» ընտրության խմբի և 8-րդ դասարանի մի քանի սովորողների հետ միասին որոշեցինք պահը բաց չթողնել և դիտել երկնային մարմիններից մեզ ամենամոտ գտնվող Լուսնի այս հազվագյուտ գեղեցիկ դրսևորումը: 

Նախքան դիտումները սովորողներն արդեն ուսումնասիրել էին աստղադիտակների կառուցվածքն ու տեխնիկական հնարավորությունները (գիշերային դիտումներն իրականացվել են ինչպես  բարձակարգ Celestron Nexstar 8 SE 20.3 սմ տրամագիծ ունեցող հայելա-ոսպնյակային Շմիդտ-Կասեգրենի տիպի, այնպես էլ Celestron PowerSeeker 70 EQ սիրողական աստղադիտակների միջոցով): Սովորողների հետաքրքրությունն ու գիտելիքները խթանելու և ուսումնա - հետազոտական նպատակներով շահագործումն  առավել արդյունավետ դարձնելու համար վերականգնվել են գործիքի որոշ վնասված մասեր (Էլ. սնուցման լար, օկուլյարներ), ինչի արդյունքում լավ տեսանելի էր լուսնի լեռնային մակերևույթն ու խառնարանները: Այս հոկտեմբերին Մարսն իր պայծառությամբ հավասար էր Յուպիտերին և Nexstar 8SE դիտակի միջոցով մեզ հաջողվեց տեսնել նաև Մարսը: Դիտումների սկզբում եղանակի թեթև փոփոխական ամպամածությունը մեզ չխանգարեց տեսնել Լիալուսինը, Մարսն  ու մի քանի պայծառ աստղեր: Սովորողները երկնքում կարողանում էին կողմնորոշվել նաև բջջային հեռախոներում նախօրոք ներբեռնած Nightsky  ծրագրային հավելվածի օգնությամբ:

Աստղագիտությունն այն եզակի գիտություններից է, որը գրավում է շատերին` անկախ տարիքից ու մասնագիտությունից...Դիտումներին մասնակցում էին նաև սովորողների ծնողները, եղբայրներն ու քույրերը: Մաքուր օդն ու  աշնանային մեղմ եղանակը, նոր ուսումնական տարածքն ու էլեկտրոնային-թվային աստղադիտակը  նպաստում ու ավելի մեծ ոգևորություն էին հաղորդում մասնակիցներին՝ ունենալու առավել հաճելի ու ջերմ տպավորություններ: 


Comments
* The email will not be published on the website.