Կրթահամալիրի սովորողները Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում են


17 Jan
17Jan

Հունվարի 15-ին բնագիտական ստուգատեսի շրջանակներում ՄՍԿՀ կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների սովորողները եղան ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Շրջեցին ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացան ուսանողների գործունեությանն ու կրթական մեթոդների առանձնահատկություններին։ 

Մուտքի մոտ մեզ դիմավորեցին իրենց ծառայական հերթապահությունն իրականացնող ապագա սպաները և ուղեկցեցին համալսարանի թանգարան։ Սովորողները ծանոթացան պատմության հիշարժան էջերին, իմացան մանրամասներ մեր փառավոր հերոսների կյանքից, լսեցին նրանց բազմաթիվ սխրանքների մասին, դիտեցին հազվագյուտ ցուցանմուշներ: Զինատեսակներին և զենքերի հետ վարվելու անվտանգության կանոններին սովորողները ծանոթացան համալսարանի հրաձգարանում։ Ներկայացվեց զենքի կառուցվածքը, անվտանգության կանոնները և ճիշտ ու դիպուկ կրակելու ձևերը, ինչպես նաև խոսվեց բնագիտական առարկաների, և հատկապես ֆիզիկայի դերի և նշանակության մասին  արդիական բանակ ունենալու համար: Իսկ հրաձգարանում… զարմացած էին բոլորը, երբ հերթական նշանկետին մոտեցան մեր 8-րդ դասարանի փոքրիկ ու համարձակ աղջիկները: Լուիզա Եղիազարյանի ցուցաբերած բացառիկ արդյունքից բոլորն էին մի պահ քարացել, նույիսկ փորձառու սպաները: 70-ից 69: Ահա Լուիզայի ցուցաբերած արդյունքը: Առաջին անգամ զենքի մոտ ու այդպիսի արդյունք...Համարյա թե նույնպիսի արդյուք գրանցեց նաև Մանուկյան Սաթենիկը: Մեր փոքրիկ դիպուկահարները բացահայտված են: 

Այցելության ընթացքում ստացած դրական տպավորությունների և կրթահամալիրի սովորողների ու առօրյայի հետ անմիջական շփման արդյունքում  սովորողներն ավելի կարևորեցին մեր բանակի,  կրթված զինվորների ու սպաների դերը առողջ հասարակություն ստեղծելու գործում:

Պայմանավորվեցինք, որ նմանօրինակ այցելությունները կրելու են փոխհամագործակցային բնույթ ։

Դիտեք տեսանյութը:

Տիգրան Գրիգորյան

Comments
* The email will not be published on the website.