24 Aug
24Aug

«Հեքիաթ էլեկտրական գորտի և իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտայի՝ էլեկտրականության ուսմունքի հիմնադիրներից մեկի մասին»․ /Մաս 1/

Նիկ. Գորկավի /Գիտական հեքիաթների շարքից/

Կար-չկար մի էլեկտրական գորտ կար… Այսպես սկսեց իր հերթական երեկոյան հեքիաթը արքայադուստր Ձինտարան։

— Բայց, մայրի՛կ, — բացականչեց Գալատեան։ — Դու անցած անգամ պատմում էիր «էլեկտրական վիշապների» մասին։ Իսկ որտեղի՞ց հայտնվեց գորտը։— Դե՛… — մտածկոտ երկարացրեց Ձինտարան, — էլեկտրական գորտեր նույնպես գոյություն ունեն։ Առանց դրանց էլեկտրականության պատմությունը թերի կլիներ։ Դրանք շատ օգտակար եղան «էլեկտրական վիշապների» ուսումնասիրման համար։ Կենսաբանի տեսանկյունից գորտ ուսումնասիրելը շատ ավելի հարմար է, քան վիշապը․այն ավելի քիչ է կծում։ Բայց սկզբում ես ձեզ կպատմեմ մի փոքրիկ տղայի մասին…— Այդ տղան պատահաբար էլեկտրակա՞ն չէր, — հարցրեց Անդրեյը։— Ճիշտ գուշակեցիր, փոքրիկը երեխաների մեջ ամենա«էլեկտրականն» էր, — հաստատեց Ձինտարան, և նրա սեփական երեխաները զարմացած իրար նայեցին։— Սկսեմ հեռվից։ Ալպերի ստորոտին, Շվեյցարիայի սահմանից ոչ շատ հեռու, տարածվում է Կոմո լիճը (Lago di Como), որը հայտնի է ոչ միայն Իտալիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Նրա ափերին կառուցված են բազմաթիվ շքեղ պալատներ և վիլլաներ։ Այստեղ ամառվա շոգից հանգստանում էին դեռ հռոմեական պատրիկները։ Կոմո լիճը կապված է նաև գիտության պատմության հետ։ Իտալական գիտությունների ակադեմիան այստեղ՝ ափամերձ Վարեննա գյուղում, պարբերաբար անցկացնում է իտալացի միջուկային ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի անունը կրող գիտական դպրոցներ, որտեղ հավաքվում են ֆիզիկոսներ աշխարհի տարբեր երկրներից։ Այդ վայրը պատահական չէ ընտրված։ Ահա այստեղ՝ Կոմո քաղաքում XVIII դարի կեսերին ծնվում է ապագա նշանավոր ֆիզիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ՝ Ալեսանդրո Վոլտան։Ալեսանդրոն լույս աշխարհ եկավ տեղի կոմսի դստերի և կաթոլիկ քահանայի գաղտնի ամուսնությունից, քանի որ եկեղեցական կանոններով նրան արգելված էր ընտանիք ունենալ։ Մի քանի տարի տղան մեծացավ գյուղացի դայակի խնամքի տակ։ Տղան ուրախ և առողջ էր, սակայն խոսել սկսեց միայն յոթ տարեկանում։ Այդ ժամանակ նրա հայրը մահացավ, և Ալեսանդրոն անցավ իր հորեղբոր խնամքի տակ՝ խստապահանջ, բայց հոգատար կանոնիկի, ով վճռականորեն ձեռնամուխ եղավ զբաղվել իր զարմիկի կրթությամբ։ Ալեսանդրոն ուսումնասիրում էր լատիներեն, թվաբանություն և պատմություն։ Նա շատ խելացի էր և նոր գիտելիքները արագ էրյուրացնում։ Բացի ճշգրիտ գիտություններից, հետաքրքրվում էր նաև արվեստով՝ նկարչությամբ և երաժշտությամբ։ Տասը տարեկանում, իմանալով 1755 թվականի Լիսաբոնի ահավոր երկրաշարժի մասին, որը խլել էր մոտ հարյուր հազար մարդկային կյանքեր, Ալեսանդրոն ինքն իրեն խոստանում է բացահայտել այդ սարսափելի բնական երևույթի գաղտնիքը։ 1758 թվականին տեղի ունեցավ ևս մի իրադարձություն, որը մեծ ազդեցություն ունեցավ տղայի վրա։ Անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյի հաշվարկած օրը և ժամին գիշերային երկնքում հայտնվում է գիսաստղ։ Այն այնքան պայծառ էր, որ չնկատել հնարավոր չէր։ Հետագայում այդ գիսաստղը կոչվեց Հալլեյի անունով։ Այս կանխատեսման փաստը այնքան տպավորեց Ալեսանդրոյին, որ նա սկսեց ուսումնասիրել աստղագետների աշխատությունները և Նյուտոնի համընդհանուր ձգողության տեսությունը և վերջնականապես կապեց իր կյանքը ֆիզիկայի հետ։ Երիտասարդ գիտնականին հետաքրքրում էին նաև կայծակներն ու էլեկտրական երևույթները։ Նա նույնիսկ փորձում էր դրանց բնույթը բացատրել բանաստեղծական ձևով՝ ինչպես մեծ հռոմեական բանաստեղծ Լուկրեցիոսը, որը սիրում էր գիտական գաղափարները ներկայացնել պոեզիայի լեզվով։Իմանալով Բենջամին Ֆրանկլինի աշխատանքների մասին, Ալեսանդրոն՝ այն ժամանակ 23 տարեկան, Կոմո քաղաքում առաջինը տեղադրեց շանթարգել ձողը՝ փոքրիկ զանգակներով, այդ սարքով զարմացնելով քաղաքի բնակիչներին։ Լեյդենի շշերով էլեկտրական փորձերին նվիրված իր ատենախսսությամբ Վոլտան 34 տարեկանում դարձավ Իտալիայի Պավիա քաղաքի համալսարանի պրոֆեսոր։Իտալացի գիտնական Լուիջի Գալվանիի իրականացրած էլեկտրական փորձերը նրան դրդեցին նոր հետազոտությունների։ Գալվանին Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր էր և միաժամանակ ֆիզիոլոգ ու ֆիզիկոս։ Նրա լաբորատոր սեղանի վրա կողք կողքի կային թե՛ մասնատված գորտեր, թե՛ էլեկտրական սարքեր։ Լուիջին ամուսնացած էր իր ուսուցչի դստեր՝ Լուչիա Գալեացցիի հետ։ Նա մանկուց սովոր էր գիտական փորձերին և հաճույքով այցելում էր ամուսնու լաբորատորիա։ Գորտեր մասնատելը նրան դուր չէր գալիս, իսկ էլեկտրոֆորային մեքենայի բռնակը, որը պայծառ կայծեր էր տալիս, հաճույքով էր պտտեցնում։Մի օր Լուչիան իր սիրելի սարքից կայծեր էր ստանում, իսկ Գալվանիի օգնականը պատրաստում էր փորձի համար մասնատված գորտ։ Երբ նա մետաղական սկալպելով դիպավ գորտի բացված նյարդին, գորտի թաթը հանկարծ ցնցվեց։ Նա նկատել էր, որ հենց այդ պահին երբ իր սարքը պայծառ կայծ էր տվել, միաժամանակ սկալպելի ու գորտի թաթի միջև նույնպես անցել էր էլեկտրական կայծ։Լուչիան անմիջապես այդ դիտարկման մասին տեղեկացնում է ամուսնուն, ով մոռանալով փորձի սկզբնական նպատակը, սկսում է ուսումնասիրել այդ երևույթը։ Գալվանին հայտնաբերում է, որ գորտի թաթը ցնցվում է նույնիսկ առանց էլեկտրոֆորային մեքենայի, եթե նրան միացվի տարբեր մետաղներից կազմվածշղթա՝ օրինակ երկաթե բանալի կամ արծաթե մետաղադրամ։ Գիտնականը հրապարակում է իր դիտարկումները և անսպասելի եզրակացություն է անում, թե կայծը, որի վրա արձագանքել էր գորտի թաթը, առաջացել է «կենդանական էլեկտրականությունից», որը ստեղծել էր հենց գորտը։ Այդ եզրակացությունը բավական տրամաբանական էր այն ժամանակվա գիտության համար, քանի որ արդեն հայտնի էին էլեկտրական ձկների երևույթները (օրինակ՝ ծովային սկատերն ու էլեկտրական օձաձկները)։ Բժիշկները նույնիսկ որոշ հիվանդների նշանակում էին բուժիչ հոսանքների հարվածներ էլեկտրական օձաձկից, և այդ բուժումը բավական թանկ էր։ Գալվանիի փորձերը մեծ աղմուկ են առաջացնում գիտնականների շրջանում։Գալատեան քմծիծաղ տվեց.— Եվ նաև խուճապ գորտերի շրջանում, որոնք հաստատ ուրախ չէին նման լուրից։— Գալվանին որոշեց, — մտածկոտ ասաց Անդրեյը, — որ հոսանքի աղբյուրը հենց գորտի թաթն է։ Բայց ուշադրություն չդարձրեց կնոջ դիտարկմանը և էլեկտրոֆորային մեքենայի ներկայությունը համարեց աննշան։— Այո՛, — հաստատեց Ձինտարան,— այդ անտեսումը հանգեցրեց սխալի։ Իհարկե, կենդանի օրգանիզմներում էլեկտրական հոսանքներ կան, բայց դրանք շատ թույլ են և չեն կարող մահացած գորտի մկաններում այնպիսի ուժեղ կծկումներ առաջացնել, ինչպիսին Գալվանին տեսել էր իր փորձերում։Ալեսանդրո Վոլտան կրկնեց այդ փորձերը և չհամաձայնեց Գալվանիի եզրակացությունների հետ։ Նա ենթադրեց, որ գորտի թաթը պարզապես շատ զգայուն էլեկտրոմետր է՝ հոսանքը չափող սարք, իսկ հոսանքը արտաքին է և առաջանում է տարբեր մետաղների միացման ժամանակ։— Կամ էլ էլեկտրոֆորային մեքենայի ազդեցությամբ, — ճշտեց նրբանկատ Անդրեյը։Ձինտարան գլխով հաստատեց և ասաց.— Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպե՞ս է գիտնականի գլխում ծնվում միակ ճիշտ գաղափարը։ Կարծում եմ՝ նա պետք է շատ բան իմանա, որպեսզի տարբեր երևույթները մի ամբողջական պատկերում միավորի։ Ալեսանդրո Վոլտան շատ լայն ծավալի գիտելիքների էր տիրապետում։Նա կարդացել էր նաև շվեյցարացի բժիշկ Ժան-Ժակ Զուլցերի փորձերի մասին։ Վերջինս պարզել էր, որ եթե լեզվի վրա դնել միմյանց դիպչող անագի և արծաթի կտորներ, բերանում առաջանում է թթու համ, մինչդեռ առանձին-առանձին այդ մետաղները նման զգացողություն չեն առաջացնում։Վոլտան ենթադրեց, որ բերանում տեղի է ունենում նույն էլեկտրական գործընթացը, ինչ Գալվանիի փորձերում, միայն թե մահացած գորտի փոխարեն «չափիչ սարքի»դերում հանդես է գալիս կենդանի լեզուն։ Վոլտան անձամբ կրկնեց Զուլցերի փորձը և զգաց, ինչպես ինքն է գրել, «էլեկտրականության համը» կամ «այնպիսի թեթև թթվաշ համ, ինչպիսին առաջանում է, երբ լեզուն մոտեցնում են արհեստականորեն էլեկտրականացված հաղորդչի ծայրին…»։

Նիկ. Գորկավի /Գիտական հեքիաթների շարքից/ 

Աղբյուրը՝ https://www.nkj.ru/archive/articles/31020/

Comments
* The email will not be published on the website.