Ապրիլի 17–19-ը Միջին դպրոցի 9-րդ դասարանների սովորողների հերթական խումբը մասնակցեց ուսումնական պլանով նախատեսված եռօրյա ռազմամարզական ճամբարին Արատեսի դպրական կենտրոնում։
Ռազմամարզական ճամբարը կազմակերպվում է ուսումնական տարվա ընթացքում սահմանված կարգով և հնարավորություն է տալիս սովորողին մի քանի օր ապրել ռազմամարզական միջավայրում՝ գործնականորեն ծանոթանալով անվտանգությանը, ռազմական գործողությունների կազմակերպման հիմունքներին և մարդու կենսագործունեությանը վերաբերող գիտելիքներին։ Ռազմամարզական ճամբարի նպատակն է «Գոյատևման հիմունքներ» և «Կրակային պատրաստություն» գործնական պարապմունքների արդյունավետ կազմակերպումը՝ ապահովելով սովորողների կենսական կարևոր հմտությունների ձևավորումն ու զարգացումը։ Ճամբարի ընթացքում մասնակիցները ստացան և իրականացրեցին հատուկ ջոկատայինների համար նախատեսված գաղտնի առաջադրանքը, սովորեցին կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, կայացնել սթափ և պատասխանատու որոշումներ, հաղթահարել խոչընդոտները, ինչպես նաև ցուցաբերել փոխօգնություն՝ զարգացնելով թիմային աշխատանքը, կարգապահությունն ու պատասխանատվության զգացումը։
Ճամբարի ընթացքում սովորողները իրականացրեցին նաև մի շարք այլ նախագծեր՝ այցելեցին Արատեսի ՀԷԿ (9-րդ դասարանի ավարտական էկոնախագծի շրջանակում), եղան ուսումնական մեղվանոցում և մասնակցեցին Արմինե Գոգինյանի մեղվանոցում իրականացրած գարնանային աշխատանքներին։


Ռազմամարզական գործունեությունը կազմակերպվել է մի քանի հիմնական ուղղություններով։
Առաջին բուժօգնության դասընթաց․ Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ներկայացվեցին տարբեր վնասվածքներ և արյունահոսությունների տեսակներ, դրանց դեպքում ցուցաբերվող առաջին օգնության ձևերը։ Սովորողները ծանոթացան վիրակապերի տեսակներին, անհրաժեշտ նյութերին և կիրառման եղանակներին։
Մարտավարության գործնական պարապմունքներ․ Սովորողները բաժանվեցին խմբերի, ընտրեցին ղեկավարներ, ստանձնեցին դերեր և պարտականություններ։ Իրականացվեց մարտական խմբի շարժման և համագործակցության վարժանք։ Գործնական աշխատանքներն անցկացվեցին լեռնային պայմաններում, որտեղ մասնակիցները հաղթահարեցին տեղանքի դժվարությունները՝ ցուցաբերելով կազմակերպվածություն և պատասխանատվություն։
Մարտավարական վարժանքներ․ Խմբերը իրականացրին գրոհի վարժանք՝ պահպանելով անվտանգության կանոնները, վերահսկելով շարժումը և ապահովելով փոխադարձ աջակցությունը։ Ստացան հատուկ ջոկատի համար առաջադրանք։
Կրակային պատրաստություն․ Սովորողները ձեռք բերեցին կրակելու սկզբնական հմտություններ՝ կիրառելով ուսումնական հրացաններ։Ընդհանուր առմամբ, ռազմամարզական բաղադրիչը կարելի է գնահատել որպես լիարժեք իրականացված և հաջողված։ Գործնական ձևաչափը ապահովեց սովորողների ակտիվ մասնակցությունը, բարձր հետաքրքրվածությունը և ներգրավվածությունը։ Նկատելի էր, որ ձեռք բերված հմտությունները նպաստեցին համախմբվածության, կենտրոնացման և պատասխանատվության ձևավորմանը։
Եռօրյա ճամբարը կարելի է գնահատել որպես հաջողված և արդյունավետ։ Իրականացվեցին ծրագրով նախատեսված բոլոր գործունեությունները։ Ճամբարը նպաստեց ոչ միայն գործնական հմտությունների ձևավորմանը, այլև ուսուցիչ-սովորող և սովորող-սովորող հարաբերությունների սերտացմանը։
Ճամբարի մասին առավել ամբողջական պատկերացում են տալիս մասնակիցների պատումները, լուսանկարներն ու տեսանյութերը։ Լիլիա Մանուկյան 9-7, Աննա Ոսկանյան 9-3, Գայանե Հարությունյան 9-3։
