10 Sep
10Sep

STARMUS VI SCIENCE CAMP / MSKH

Starmus-ը գիտության, հաղորդակցության և արվեստի համաշխարհային փառատոն է։ (Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն…)

Սեպտեմբերի 9-ին կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողներն այցելեցին Starmus VI փառատոնի շրջանակում կազմակերպած գիտության ճամբար (Ազատության հրապարակ): Այստեղ նրանք ծանոթացան գիտության 20-ից ավելի ոլորտի վերջին նորություններին: Գիտահետազոտական ինստիտուտների և տեխնոլոգիական կենտրոնների աշխատակիցները մեր սովորողներին ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում ներկայացրեցին գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» ոլորտներում:

Միջուկային ռեակտորներից և արևային էներգետիկայից մինչև երկրաշարժերն ուսումնասիրող սարքավորումներն այստեղ ներկայացվեցին շատ մատչելի ու հասկանալի ձևերով: Սովորղներին հատկապես դուր եկավ լազերային ֆիզիկայի, արհեստական բանականության, դրոնների և ռոբոտաշինության տաղավարները:

Գիտական ճամբարը շատ ոգևորիչ է հատկապես այն սովորողների համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ապագայի նոր մասնագիտությունների ընտրության հարցում:

Հանդիպեցինք նաև բացառիկ մարդկանց՝AYAS Armenian -ի հիմնադիր Ավետիք Գրիգորյանին և հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանին:

«Ես ուզում էի աստղագնաց դառնալ, բայց մտածեցի որ դա հնարավոր բան չէ...Հետո դարձա ինժեներ, բայց նաև ուզում էի բժիշկ դառնալ ու օգնել մարդկանց... Ու դարձա բժիշկ: Հետո NASA-ն հայտարարություն տարածեց, որ աստղագնացների է փնտրում ու ես հասկացա, որ սա հրաշալի հնարավորթյուն է: Ես տիեզերք մեկնեցի հենց որպես բժիշկ», - ասաց Ջ. Բաղյանը:

Ճամբարի մասին պատմող տեսանյութը այստեղ՝

Հիանալի գիտաֆանտաստիկ օրը եզրափակվեց Բյուրականի աստղադիտարանում գիշերային դիտումներով: Եղանակային բացառիկ պայմանների շնորհիվ 53 սմ տրամագծով Շմիդտի աստղադիտակի օգնությամբ սովորողները հնարավորություն ունեցան տեսնելու Սատուրնը, Յուպիտերն ու Լուսինը: Ծանոթացան համաստեղություններին, գտան Բևեռային աստղը, իմացան թե ինչպես կարելի է կողմնորոշվել տեղանքում աստղերի օգնությամբ՝ նայելով գիշերային երկնքին:

Comments
* The email will not be published on the website.