05 Apr
05Apr

Շարունակում ենք աշխատել 9-րդ դասարանի ավարտական-քննական նախագծերի մշակման և ներկայացման վրա․․․

Օրերս մասնակցեցինք «Էդիթ Պրինտ» կրթական հարթակի Zoom-ով կազմակերպված «Ինչպե՞ս պատրաստել 9-րդ դասարանում բնագիտական առարկաներից ավարտական քննության նախագիծը» թեմայով սեմինար-խորհրդակցությանը, որին ներկա էին հանրապետության տարբեր դպրոցներից՝ 100-ից ավելի բնագիտության ուսուցիչներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին 9-րդ դասարանի բնագիտական առարկաների շրջանակում ավարտական քննությանը նախագծային ուսուցման կազմակերպման ընթացակարգը, աշխատանքների պատրաստրաստման մեթոդական մոտեցումները, գործնական խորհուրդները և արդյունավետ կազմակերպման ձևերը, նոր ՀՊՉ-ով նախատեսված ուսումնական նախագծերի կազմակերպման սկզբունքները, տեսակները և գնահատման մոտեցումները։ 

Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նախագծային ուսուցման կազմակերպման ընթացակարգին՝ հղում կատարելով ԿԳՄՍ նախարարության համապատասխան հրամանին, որի հիման վրա սահմանվում են նախագծի կառուցվածքը, բովանդակությունը և իրականացման պահանջները, ինչպես նաև նախագծի նկարագրությանը, որտեղ պետք է հստակ ներկայացվի աշխատանքի բովանդակությունը, իրականացման ընթացքը և ակնկալվող արդյունքները։ Առանձնահատուկ ընդգծվեց նախագծի նպատակի և հիմնախնդրի ճիշտ և հստակ ձևակերպման կարևորությունը․ նշվեց, որ ինչպես յուրաքանչյուր դաս, այնպես էլ նախագիծը պետք է ունենա երեք բաղադրիչից կազմված նպատակ՝ ուսումնական, զարգացնող և դաստիարակչական։ 

Ինչպես նկատում ենք, այս տարվա համար առաջադրված թեմաները /էկոնախագծեր/ ունեն մեկ ընդհանուր հիմնախնդիր՝ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հարցերի ուսումնասիրությունն ու դրանց լուծման հնարավորությունների որոնումը։ Այս նախագծերը նպատակ ունեն ձևավորելու սովորողների բնապահպանական գիտակցությունը, պատասխանատու վերաբերմունքը բնական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև խթանելու էներգիայի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման գաղափարները։ Միևնույն ժամանակ դրանք ուղղված են Երկիր մոլորակի գլոբալ տաքացման, ջերմոցային էֆեկտի և կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և այդ խնդիրների լուծման ուղիների քննարկմանը։ 

Նախագիծը պետք է իր մեջ ներառի և միավորի ՄԱԿ-ի կողմից հաստատված կայուն զարգացման ծրագրի կետերը և պարունակի 21 դարի հմտություններ՝ նպաստելով բնապահպանական գիտակցության ձևավորմանը և կայուն զարգացման գաղափարների ընկալմանը։ Մասնավորապես՝ մատչելի և մաքուր էներգիայի (Նպատակ 7), կլիմայի գործողության (Նպատակ 13) և պատասխանատու սպառման (Նպատակ 12) ուղղություններով։ Նախագծի իրականացման ընթացքում զարգանում են նաև 21-րդ դարի հմտություններ՝ քննադատական մտածողություն, խնդիրների լուծում, հետազոտական կարողություններ, համագործակցություն, հաղորդակցական հմտություններ, թվային գրագիտություն, ստեղծարարություն և ինքնակազմակերպում։ 

Վերջնարդյունքը պետք է բխի նպատակից, բայց ձևակերպվի որպես չափելի/տեսանելի արդյունք, այսինքն՝ ցույց տա, թե ի՞նչ կարող է սովորողը անել նախագծի ավարտին։ Կարևորվեց նաև նախագծի վերջնական արդյունքի (պրոդուկտի) ներկայացման ձևի ճիշտ ընտրությունը, որը պետք է համապատասխանի թեմային և ապահովի սովորողների կատարած աշխատանքի ամբողջական ու հասկանալի ներկայացումը։ Միևնույն ժամանակ շեշտվեց օգտագործվող հետազոտական աղբյուրների բազմազանությունն ու արժանահավատությունը, քանի որ դրանք կարևոր դեր ունեն աշխատանքի գիտական հիմնավորվածությունն ապահովելու գործում։ 

Հաջորդ սեմինարի ընթացքում /29.04.2026/ կներկայացվեն 9-րդ դասարանի բնագիտական առարկաների շրջանակում ավարտական քննության նախագծային աշխատանքի հաշվետվությունը գրելու և նախագիծը գնահատելու առանձնահատկությունները, ինչպես նաև կտրվեն գործնական խորհուրդներ և կմատնանշվեն արդյունավետ կազմակերպման ձևերը։

Comments
* The email will not be published on the website.