Ավանդույթի համաձայն, կրթահամալիրը այս տարի ևս մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ անցկացվող Լույսի միջազգային օրվան՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում։ Այս տարի միջոցառումը կրում էր «Լույս, գիտություն, նորարարություն․․․» խորագիրը և նպատակ ուներ բարձրացնել իրազեկվածությունը լույսի դերի մասին գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության, էներգետիկայի, մշակույթի ու կրթության ոլորտներում։
Միջոցառման նպատակն էր ծանոթացնել սովորողներին լույսի աղբյուրներին և դրանց կիրառություններին գիտության տարբեր բնագավառներում, ինչպես նաև բացահայտել լույսի և էներգիայի փոխկապակցվածությունը, նորարարական տեխնոլոգիաները և գիտահետազոտական գործընթացները։ Մասնակցները գիտական շրջայց կատարեցին «ՔԵՆԴԼ» ինստիտուտի լաբորատորիաներում, որտեղ ներկայացվեցին սինքրոտրոնային լույսի, ազատ էլեկտրոնային լազերների, էլեկտրոնային մանրադիտակների և էլի շատ նորարարական տեխնոլոգիաների մանրամասն նկարագրությունը, լսեցին զեկույցներ և մասնակցեցին գիտահանրամատչելի փորձերի ցուցադրությանը։
Այս տարվա միջոցառումը առանձնացավ հագեցած գիտական ծրագրով և տպավորիչ փորձերով, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին սովորողների շրջանում։ Լազերի փորձեր՝ լույսի ուղղության փոփոխություն ջրի շիթի միջոցով, լազերային փնջի անցում տարբեր միջավայրերով՝ ջուր, ձեթ և այլն, տեսլայի կոճով ցուցադրություններ՝ էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունը նյութերի վրա, մանրէների որոշում՝ հատուկ լաբորատոր միջավայրում պարզվեց սովորողների ձեռքերի մանրէաբանական բաղադրությունը, էլեկտրոնային մանրադիտակի կիրառություն՝ հիվանդությունների մանրէաբանական հետազոտություն իրական ժամանակում․ հոլոգրաֆիկ և գունային փորձեր մութ սենյակում՝ լուսային անդրադարձներ, լուսային խաղեր և գունավոր էֆեկտներ, որոնք հատկապես գրավեցին սովորողներին։
Սովորողները շրջեցին մի շարք առաջատար լաբորատորիաներով՝ մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, կենսաբանական հետազոտությունների և այլ փորձարարական տարածքներում։
Միջոցառումն օգնեց սովորողներին ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալ, այլև կերպավորել պատկերացում՝ լույսի կիրառման հնարավորությունների, նորարարության ուժի ու գիտական հետազոտությունների պրակտիկ ազդեցության վերաբերյալ։ Դա մի օր էր, երբ գիտությունը դարձավ շոշափելի, տեսանելի և մոտիվացնող։ Շնորհակալություն ենք հայտնում «ՔԵՆԴԼ» ինստիտուտին հրավերի, ջերմ ընդունելության և գիտական ոգեշնչող միջավայրի համար։ Մենք ունեցանք ևս մեկ հագեցած, հետաքրքիր ինֆորմացիայով հարուստ և ուրախ օր, որը հաստատ հիշարժան կմնա մեր սովորողների գիտելիքների և աշխարհընկալման զարգացման ճանապարհին։