08 Nov
08Nov

Այց «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» / Նախագծի ամփոփում․

Հոկտեմբերի 30-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 8–9-րդ դասարանների սովորողների հետ այցելեցինք Երևանի 2750-ամյակի զբոսայգում գործող «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» /համակարգող՝ Ստելլա Մնացականյան, Նունե Թեմուրյան։

Այցը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում իրականացվող մեր ուսումնական նախագծի կարևոր փուլերից էր։«Քաղաքային կենսաբազմազանության գոտին» Երևանի բնակիչների և քաղաքի հյուրերի համար ստեղծված բաց կրթական, տեղեկատվական և մշակութային հարթակ էր, որտեղ ներկայացվում էին քաղաքային բնության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված նախաձեռնություններ, նախագծեր և գաղափարներ։ Այն հնարավորություն էր տալիս քաղաքային միջավայրին նայելու այլ տեսանկյունից՝ բացահայտելու բնության ներկայությունը քաղաքի կյանքում և հասկանալու, թե որքան կարևոր է կանաչ տարածքների պահպանումը կենսաբազմազանության և մարդու բարեկեցության համար։

Հրազդանի կիրճ և Դալմայի այգիներ․ Երևանի կանաչ ժառանգությունը

Քաղաքային կենսաբազմազանության գոտում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունները՝ նվիրված Հրազդանի կիրճի և Դալմայի այգիների ապագային։ Հրազդանի կիրճին նվիրված ներկայացումներում ծանոթացանք այս բնական տարածքի բնապահպանական արժեքին, քաղաքային էկոհամակարգում դրա դերին և պահպանության ու զարգացման հեռանկարներին։Առանձնահատուկ հետաքրքրությամբ այցելեցինք նաև Դալմայի այգիների զարգացման նախագծերին նվիրված տաղավար։ 

Ծանոթացանք Դալմայի այգիների ապագա հայեցակարգին՝ քաղաքի այս արժեքավոր կանաչ տարածքի վերականգնման ու զարգացման տեսլականին։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է քաղաքը պատկերացնում Դալմայի այգիների ապագան՝ պատմական, բնապահպանական և քաղաքաշինական արժեքների համադրմամբ։Դալմայի այգիները դիտարկվում են ոչ միայն որպես պատմական այգիներ, այլև որպես քաղաքային կանաչ համակարգի կարևոր բաղադրիչ։ Դրանց ապագա զարգացման տեսլականում կարևոր տեղ ունեն քաղաքային անտառի և էկոլոգիական միջանցքի գաղափարները։Այս մոտեցումը հնարավորություն է տալիս վերաիմաստավորելու քաղաքի կանաչ տարածքների նշանակությունը՝ որպես կենդանի միջավայրի, որտեղ պահպանվում են բույսերի և կենդանիների բնակության պայմանները, ձևավորվում են էկոլոգիական կապեր և բարելավվում է քաղաքի կենսամիջավայրը։

Բնապահպանական գաղափարներ՝ տարբեր տաղավարներում և ցուցադրություններում

Քաղաքային կենսաբազմազանության գոտին մեկ բնապահպանական ծրագրի ներկայացման տարածք չէր։ Այն տարբեր նախաձեռնությունների, մասնագիտական փորձի, գիտելիքի և ստեղծագործական գաղափարների հանդիպման հարթակ էր։ Տաղավարներում և ցուցադրություններում ներկայացված էին բնության պահպանության, քաղաքային կանաչ տարածքների, կենսաբազմազանության ուսումնասիրության և բնապահպանական կրթության տարբեր ուղղություններ։ Հարթակի մշակութային և կրթական ծրագրերը ներառում էին նաև ստեղծագործական աշխատարաններ՝ կավագործություն, նկարչություն կավի վրա, օրիգամի, բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ, բնապահպանական զրույցներ, դասախասություններ, ակտիվ քննարկումներ ոլորտի մասնագետնորի հետ, լուսանկարչական ցուցահանդես և երաժշտական միջոցառումներ։Այս բազմազան ձևաչափերը ցույց էին տալիս, որ բնապահպանական կրթությունը կարող է իրականացվել տարբեր միջոցներով՝ գիտության, արվեստի, մշակույթի և հանրային մասնակցության միջոցով։

Այցի ընթացքում սովորողները հնարավորություն ունեցան դիտարկելու քաղաքային բնության և մարդու գործունեության փոխազդեցությունը, ծանոթանալու Երևանի բնապահպանական ծրագրերին և քննարկելու կանաչ տարածքների պահպանության կարևորությունը։

Մեզ համար կարևոր էր նաև այս փորձը կապել կրթահամալիրի բնապահպանական նախագծերի հետ։ Ինչպե՞ս կարող ենք մեր կրթական պարտեզը դարձնել կենսաբազմազանության պահպանությանը նպաստող միջավայր։ Ինչպե՞ս ստեղծել պայմաններ, որպեսզի մեր տարածքում ավելի շատ բույսեր, թռչուններ, միջատներ և այլ կենդանի օրգանիզմներ բնակվեն։ Ինչպե՞ս համատեղել կրթական տարածքի բարեկարգումը բնության պահպանության սկզբունքների հետ։ Այս հարցերը մեզ համար դարձան հետագա դիտարկումների և նախագծային աշխատանքի շարունակություն։ Մեր կրթական պարտեզը ևս կարող է դառնալ քաղաքային կենսաբազմազանության փոքրիկ գոտի՝ կենդանի լաբորատորիա, որտեղ սովորողները դիտարկում, ուսումնասիրում, փորձարկում և հոգատար վերաբերմունք են ձևավորում բնության նկատմամբ։

Քաղաքային բնությունը մեր ընդհանուր տունն է։ Ճանաչել, ուսումնասիրել, գնահատել և պահպանել այս կենդանի միջավայրը բոլորիս պատասխանատվությունն է։ Մեր քաղաքը սկսվում է բնությունից։ Այն պահպանելը մեր ընդհանուր գործն է։

Այս ճամփորդությունը հնարավորություն տվեց հասկանալու, որ քաղաքը միայն շենքերն ու փողոցները չեն։ Այն նաև ծառերն են, այգիները, թռչունները, միջատներն ու բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմներ, որոնք միասին ձևավորում են մեր կենսական միջավայրը։Քաղաքային կանաչ տարածքների պահպանումն ու վերականգնումը ներդրում են ոչ միայն բնության, այլև մեր քաղաքի ապագայի մեջ։

Comments
* The email will not be published on the website.